Փաշինյանի Ա-ն ու Բ-ն․ երկուսն էլ՝ Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելու մասին է
«Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրությամբ ձևավորված իշխանությունները», - Արցախի Ազգային ժողովը երեկ միաձայն ընդունել է հայտարարության տեքստ, որտեղ անվանական անդրադարձ կա անցած շաբաթավերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։
Արցախցի պատգամավորները վրդովված են, «անթույլատրելի են համարում Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող ցանկացած հայտարարություն»։
Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հենց այդպիսին են համարում՝ «վնասակար և վտանգավոր»։
Երբ անցած շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում կասկածի տակ էր դնում Արցախի հայկականությունը, վստահաբար կանխատեսում էր, որ հենց այսպիսի հակադարձում է ստանալու Ստեփանակերտից։ Այլընտրանք լինել չէր կարող, իհարկե՝ Փաշինյանն իրեն ապահովագրել է 1998-ի կրկնությունից, երբ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հակադրությունը վերջացավ հայաստանյան իշխանափոխությամբ։ Բոլորից լավ Փաշինյանը գիտի, որ իր պարտված պատերազմի հետևանքով Արցախը զրկվել է սուբեկտայնությունից ու նման գործընթաց գեներացնելու հնարավորություն չունի։
Եվ ուրեմն՝ Փաշինյանը վերջնական «գրոհ» է նախաձեռնել Արցախի դեմ։
Պլան Ա-ն Արայիկ Հարությունյանի իմպիչմենտին հասնելն է, որը պետք է իրականացվեր Սամվել Բաբայանի ու նրա խմբակցության ջանքերով։
Այստեղ խնդիրն այն չէ, որ Հարությունյանը Փաշինյանին լոյալ չի եղել։ Եղել է, Արցախի նախագահը նույնիսկ քծնել է Փաշինյանին, բայց հիմա Հայաստանի վարչապետին խանգարում է ոչ թե Հարությունյանի անձը, այլ նրա պաշտոնը։ Փաշինյանը հաշվարկել է, որ Հարությունյանի հնարավոր պաշտոնանկության հետևանքով Արցախում հնարավոր չի լինի նախագահական նոր ընտրությունների կազմակերպումը և, ըստ այդմ, ԼՂՀ-ն կկորցնի սուբեկտայնության վերջին փշրանքները։
Բարեբախտաբար, Արցախում հաշվել են Փաշինյանի քայլերը ու կանխել են նրա ծրագրերը, գործի է դրվել պլան Բ-ն՝ Փաշինյանի շուրթերով կասկածի տակ է դրվել Արցախի հայկականությունը, ինչին հետևել է կոնսոլիդացված Արցախի կոշտ պատասխանը։
Փաշինյանը գեներացրեց Հայաստանի ու Արցախի իշխանությունների քաղաքական խզումը, որի տրամաբանական հետևանքը լինելու է այն, որ Հայաստանը ձեռքերը լվանալու է ԼՂ խնդրից՝ այն թողնելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում։
Comments