Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է, երբ ղազախները մեքենաներ են այրում, թե երբ բանակը ուժ է կիրառում
«Անկասկած, Նիկոլ Փաշինյանը սեփական դիրքորոշումներին դեմ քայլ է արել՝ Ղազախստան զորք ուղարկելով»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Խաչատրյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ նույնիսկ կոչ էր անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից։
«Նիկոլ Փաշինյանը սին մեղադրանքներով քրեական գործ հարուցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ, նաև սրանով անմիջապես վարկաբեկելով այս կառույցը, քանի որ կառույցի փաստացի ղեկավարին մեղադրեց անտրամաբանական, բայց ծանր հանցագործությունների մեջ, բայց Նիկոլ Փաշինյանի էությունն է, ինքը կարող է մի հարցազրույցի ժամանակ խոսի, ասի Ադրբեջանի հետ բանավոր համաձայնություն կար, որ պետք է զորքերը հետ քաշենք, հետո զարմացած ասի՝ ի՞նչ բանավոր համաձայնություն, մեր կառավարությունը բանավոր համաձայնություններով չի առաջնորդվում»։
Խաչատրյանն ընդգծում է, որ Հայաստանը թեև ՀԱՊԿ անդամ է, բայց պատերազմի ժամանակ չդիմեց ՀԱՊԿ-ին․
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և դա որոշակի պարտավորություններ է իր մեջ ներառում, բայց խնդիրն ուրիշ է՝ Նիկոլ Փաշինյանը, որ այդքան փութաջանորեն փորձեց Ղազախստանի հարցերը լուծել, եթե դրա 10 % ջանքը թափեր, ապա հաստատ մենք մեր երկրի անվտանգային հարցերը լուծած կլինեինք, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց Հայաստանի Հանրապետությունը փաստորեն չօգտվեց ՀԱՊԿ հնարավորություններից։ Այսինքն ինքը մեր դարդերը թողած, չօգտվելով այն անվտանգային համակարգից, որի անդամն ենք, գիշերվա կեսին որոշումներ է կայացնում ու Ղազախստանի հոգսն է հոգում, փոխանակ օգտագործի նաև այն հնարավորությունը, որ Հայաստանը հիմա նախագահում է ՀԱՊԿ-ում և վերջ ի վերջո ՀԱՊԿ ռեսուրսը օգտագործի Հայաստան ներխուժած ագրեսոր ադրբեջանցիներին Հայաստանից դուրս վռնդելու համար։ Բայց մյուս կողմից Փաշինյանն այն մարդն է, ով ասաց որ մենք Սև լճի 30%-ի համար հո չենք կռվի, բայց եթե մի քիչ Հայաստանի մասին մտածեր, նախ նման բան չէր ասի, հետո էլ կօգտագործեր ՀԱՊԿ ռեսուրսները»։
Եզրափակելով խոսքը՝ Խաչատրյանն ասաց․
«Ինձ համար հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը երբ այդ կադրերը նայում է, իր հոգին փառավորվո՞ւմ է, երբ ղազախները ոստիկանական մեքենաներ են այրում, թ՞ե իր հոգին փառավորվում է, երբ զինված ուժերը փորձում են այդ մեքենա այրողների դեմ ուժ կիրառել»։
Արմինե Նավոյան
Comments