«Ձայն բարբառո անապատի» կամ՝ Հայաստանն առանց «Հայաստանի»
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ընդդիմությունը ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրելու։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը MediaHub-ի հետ զրույցի ընթացքում ներկայացրեց ԱԺ-ում նախատեսվող նախագահի ընտրություններին չմասնակցելու պատճառը․ «Մենք չենք ցանկանում մաս կազմել կապիտուլիանտների խունտայի հերթական պաշտոնի ավելացմանը։ Հաշվի առնելով նախագահի թեկնածուի առաջադրման գործընթացը՝ դա լինելու է ընդամենը Փաշինյանի հրամաններն արագ-արագ լեգալացնող մարդ, իսկ այդ պրոցեսին մաս կազմելու տրամաբանական պատճառ մենք չենք տեսնում»։
MediaHub-ը ցանկանալով ճշգրտել «Հայաստան» խմբակցության հիմնավորումները վերոնշյալ հարցերի շուրջ՝ ամբողջ օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել նաև «Հայաստան» խմբակցության՝ մեկ տասնյակից ավելի պատգամավորների հետ, սակայն, արդյունքում ամենամեծ թվաքանակով ընդդիմադիր խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով կցանկանար ներկայացնել ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածու չառաջադրելու որոշման հիմնավորումները և հստակ փաստարկները:
Մերի Գևորգյան
Comments