Քաղաքական խնդիր կա․ Աբգարյանը՝ ֆիզարձակուրդում գտնվող ավագանու անդամին մանդատից զրկելու մասին
Երևանի ավագանու անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին։ Քվերակությանը մասնակցած 54 անդամներից 45-ը կողմ քվեարկեց, 8-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, թե իրենց որոշումը պայմանավորված է ավագանու շատ բացակայություններով։ Նշենք նաև, որ Մխոյանը չէր միացել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու արշավին։
MediaHub-ի հետ զրույցում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ Լուսինե Մխոյանը հղի է և գտնվել է ֆիզարձակուրդում։
«Եթե բերվեին նաև մյուս ավագանիների օրինակները, որոնք նույնքան բացակայություններ ունեին, ապա պարոն Գալջյանի որոշումը հասկանալի կլիներ և կոնկրետ քաղաքական խնդիր չէինք տեսնի»,- ասաց նա։
Աբգարյանը նշեց, որ չի հասկանում նաև ընդդիմության պահվածքը, քանի որ վերջին շրջանում «Իմ քայլը» խմբակցության ցանկացած որոշում ընդդիմադիրները չեն վիճարկում և կողմ են խոսում։
«Նրանք ոչ միայն միացան «Իմ քայլին», այլ նաև ինձ վրա էին հարձակվում, որովհետև ես պաշտպանում էի տիկին Մխոյանին։ Այսօր ավագանիում ունենք այլակարծության դեֆիցիտ, հիմա երբ քննադատում եմ իշխող ուժին, պատասխանը ստանում եմ ընդդիմությունից, սրանից կարող ենք միանշանակ հետևություններ անել»։
Հիշեցնենք նաև, որ փոխքաղաքապետերի շարքում այլևս կին չկա, զուգահեռներ տանելով՝ Իզաբելլա Աբգարյանը նշեց՝ սա քաղաքական վրեժխնդրություն և կանանց իրավունքների խախտում է։
Լիաննա Թորոսյան
ความคิดเห็น