top of page

Ե՞րբ է հավաքվելու «մեծ զանգվածը»․ Քոչարյանն այս հարցին չպատասխանեց



Փողոցային պայքարը պետք է ուղղված լինի իշխանություններին հեռացնելուն և ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու համար. այսօրվա ասուլիսում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինիս հռետորաբանության մեջ շոշափելի փոփոխություն կա։ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլերում շեշտը դրվում էր Քոչարյանի անվերապահ առաջնորդության վրա, ինչի հետևանքով, ի դեպ, որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակների համոզմամբ՝ տեղի չունեցավ ընդդիմադիր լայն կոնսոլիդացիա, որը կարող էր կանխել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։


Միով բանիվ, Քոչարյանն այսօր չի կարողացել հստակեցնել, թե երբ է հասունանալու փողոցային պայքարը՝ ակնարկելով, թե առայժմ լուծված չէ «մեծ զանգվածի» հարցը, որը կարող է իշխանափոխության հարց լուծել։


Ինչպես տեսնում ենք՝ այս հարցում էլ որոշակի տարբերություններ կան «Հայաստան» խմբակցության պատգամավորների ու Քոչարյանի հրապարակային խոսքերում։ Եթե երկրորդ նախագահի թիմակիցներն անընդհատ անոնսավորում են դիմադրության շարժման մասին՝ ակնարկելով, թե առաջիկա ամիսներին ժողովրդին հրավիրելու են հրապարակ, ապա Քոչարյանը շատ ավելի զուսպ ու զգուշավոր գնահատականներ է տալիս՝ չնշելով «հասունացման» ժամկետներ։

Մեծ հաշվով, կարծում ենք՝ խնդիրը ընդդիմության գործունեության որակական ու մեթոդոլոգիական փոփոխության անհրաժեշտությունն է, իմպերատիվը, որի մասին տիտղոսային ընդդիմության առաջին դեմքերը գերադասում են չխոսել՝ կամ լուծումներ չունենալու, կամ էլ՝ արմատական տրամադրություններ ունեցող իրենց հետևորդներին չհիասթափեցնելու համար։

Հայաստանում այլևս սպառված է իշխանափոխության բլիցկրիգային ռեսուրսը, հետևաբար` հիմա որակապես նոր ընդդիմություն ձևավորելու, օրակարգ ձեւակերպելու խնդիր կա։ Այս մասին Քոչարյանը ոչինչ չասեց։ Թերևս, դա է պատճառը, որ ընդդիմության անելիքների մասին հասարակությունն այս պահին գիտի այնքան, որքան՝ մինչև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։


Վահրամ Բագրատյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page