ՔՊ-ի «նարոդնիկությունը»
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ՔՊ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ։
Պատգամավորները լսել են գյուղացիների բարձրաձայնած խնդիրները, քննարկել դրանց լուծման ուղիները։
Իհարկե, գովելի նախաձեռնություն է, երբ իշխանության ներկայացուցիչներն այցելում են մարզեր, մանավանդ՝ հեռավոր, սահմանամերձ գյուղեր ու տեղում ականջալուր են լինում մարդկանց խնդիրներին, փորձում են գույքագրել բազմաթիվ պրոբլեմները, գտնել դրանց լուծման ուղիները։
Ամբողջ խնդիրն այն է, որ նման այցերը, որպես կանոն, արվում են PR նպատակով․ մեդիայում հայտնվում են լուսանկարներ, խրոխտ գրառումներ, իսկ մարդկանց հուզող խնդիրները հայտնվում են կադրից դուրս։
ՔՊ-ի «նարոդնիկության» նոր փուլն, իհարկե, ունի իր դրդապատճառները։
ՏԻՄ վերջին ընտրությունները ցույց տվեցին ՔՊ, մեղմ ասած, ցածր վարկանիշը, հասարակությունից հեղափոխության թիմի օտարման փաստը։ Տեղերում իշխանության թիմն առհասարակ ունի լիդերների դեֆիցիտ, որի հետևանքով կամ տեղական ընտրություններում պարտվում է կամ հաղթանակ է տանում՝ նախկին համակարգի տեղական սպասավորների դեմքով։
Երկու դեպքում էլ ՔՊ վարկանիշն ու հեղինակությունը տուժում են ու պատահական չէ, որ պարբերաբար պատգամավորական դեսանտներ են գործուղվում մարզեր՝ իրավիճակը վերահսկելի պահելու, էլեկտորալ կորուստների ռիսկերը կառավարելի դարձնելու նպատակով։
Բայց խնդիրը միայն ընտրությունները չեն։
Մարդիկ համատարած դժգոհում են թանկացումներից ու ցածր աշխատավարձերից, անարդարությունից ու սոցիալական խնդիրներից։ Երբ իշխանությունը չունի գլոբալ այս խնդիրները լուծելու կամք, ինստիտուցիոնալ կարողություն, փորձում է իմիտացիոն «նարոդնիկությամբ» ժողովրդի կողքին գտնվելու պատրանք ստեղծել։
Վահրամ Բագրատյան
Comments