Քրգործ՝ գոյություն չունեցող ապացույցով․ ինչի՞ համար են մեղադրում Սայաթ Շիրինյանն
Սայաթ Շիրինյանի դեմ քրգործ է հարուցվել ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցման համար որևէ իրավական հիմք չկա։
«Գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ»,- ասաց նա։
Բենիկ Գալստյանը նկատեց՝ սքրինշոթը, որը որպես ապացույց ներկայացրել էր ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանը, գոյություն չունի։ Նրա խոսքով՝ այդ սքրինշոթը, երևի, ֆեյսբուքից է արվել, բայց հիմա նույնականացում անել չեն կարող։
«Այժմ այդ սքրինշոթում առկա նյութը սոցցանցում չկա։ Այստեղ ոչ միայն ապացուցման խնդիր կա, այլ նաև, եթե անգամ նման գրառում աներ Սայաթ Շիրինյանը, ապա չի մտնում այն հոդվածի մեջ, որով հարուցվել է գործը»,- ասաց փաստաբանը։
Սայաթ Շիրինյանը մեղադրվում է հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու և, իբրև թե, իր ֆեյսբուքյան էջում արնահեղության կոչեր հնչեցրելու համար։
Գործը հարուցվել է 2020-ի դեկտեմբերի 23-ին, Շիրինյանը ձերբակալվել է, սակայն հետագայում առաջին ատյանի դատարանը ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ՝ արձանագրելով, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ: Դատախազության բողոքից հետո վերաքննիչ դատարանը որոշումը թողել է անփոփոխ, դատախազությունը բողոքել է Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկը բողոքը վարույթ չի ընդունել: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:
Նարե Գևորգյան
Comments