top of page

ՌԴ-ն ԱՄՆ-ից պահանջում է հետխորհրդային տարածքը ճանաչել ռուսական ազդեցության գոտի


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտոնյաները հունվարի 10-ին անվտանգության հետ կապված բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի շուրջ աճող լարվածության ֆոնին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան:


ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները նոր «սառը պատերազմ» են հիշեցնում և երկկողմ հանդիպումները միտված են լինելու լիցքաթափելու իրավիճակը: Մոսկվան Արևմուտքին զգուշացնում է՝չհատել «կարմիր գծերը»՝պարտավորվել չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք՝ հետխորհրդային երկրներում չտեղակայել ամերիկյան ռազմաբազաներ՝ դե-ֆակտո պահանջելով ԱՄՆ-ից և Արևմուտքից հետխորհրդային տարածաշրջանը ճանաչել ռուսական ազդեցության գոտի և կենսական շահերի տարածք:


ԱՄՆ-ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ հետխորհրդային երկրներն իրավունք ունեն միանալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին՝ դա այդ երկրների սուվերեն իրավունքն է՝ այդ կերպ մեսիջ հղելով Կրեմլին, որ Արևմուտքը չի պատրաստվում սահմանափակել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք ՝ այդ թվում Դաշինքի կազմի մեջ ընդգրկել նաև Ուկրաինան և Վրաստանը:


Եթե Արևմուտք-ՌԴ հանդիպումների ընթացքում կողմերը չկարողանան հասնել երկկողմ ընդունելի լուծումների, ապա հետխորհրդային տարածաշրջանում կարող են սկսվել ԱՄՆ-ՌԴ փրոքսի պատերազմներ: Արևմուտքի անզիջում քաղաքականությունն Ուկրաինայի հարցում կարող է casus belli դառնալ Մոսկվայի համար, որը ստիպված կլինի ռազմական գործողություններ սկսել Դոնբասում՝ցույց տալով Արևմուտքին, որ ՌԴ-ի շահերը պետք է հաշվի առնել:


ՌԴ-ի համար ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան և Վրաստանը՝ ազգային անվտանգության սպառնալիք են, քանի որ ամերիկյան, Դաշինքի անդամ-երկրների ռազմական ենթակառուցվածքները կարող են փոխել ռազմական ստատուս-քվոն ռուսական սահմանների երկայնքով:


ԱՄՆ-ն ունի իր գեոպոլիտիկ ազդեցության տարածքներն աշխարհի տարբեր կետերում և ՌԴ-ն ցանկանում է առնվազն իր սահմանների երկայնքով ունենալ այդ ազդեցության տարածքն՝ ի դեմս հետխորհրդային տարածաշրջանի:


Հետխորհրդային մի շարք երկրներ ՀԱՊԿ-ի անդամ են, այդ երկրներում են տեղակայված ռուսական զորքերը: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Մոսկվան աջակցում է Դոնբասի ուժերին, իսկ Աբխազիայում և Հարավային Օսիայում՝ռուսական զորքեր են տեղակայված:


ՆԱՏՕ-ին անդամակցությունն Ուկրաինայի և Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է և բարդ է պատկերացնել, որ այդ երկրները կհրաժարվեն այդ դիրքորոշումից: Արևմուտքն էլ չի ցանկանա գնալ միակողմանի զիջումների Մոսկվային, քանի որ դա միջազգային ասպարեզում կդիտարկվի որպես Կրեմլի հաղթանակ Բրյուսելի և Վաշինգտոնի նկատմամբ:


Արտյոմ Բալասանով


Komentar


1/482

LATEST NEWS​​

bottom of page