Ի նշան բողոքի՝ Սաակաշվիլին դադարեցրել է բուժումը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Գորիի զինվորական հոսպիտալում բուժումը դադարեցնելու մասին, որտեղ նա տեղափոխվել էր բանտային հոսպիտալից։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ ինքը որոշել է բողոքել՝ հանդիպումների սահմանափակումների և հեռուստացույց դիտելու հնարավորությունից զրկվելու դեմ։ Նրա խոսքով՝ ինքը պատժվել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ինքը հարվածում է բժշկական սարքավորումներին, որոնք փորձել են միացնել իրեն առանց իր համաձայնության։ Ըստ նրա՝ բանտապահների արձագանքը հաջորդել է Արդարադատության նախարարության և Հատուկ քրեակատարողական ծառայության դեմ սահմանված տուգանքին՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը խախտող այդ տեսանյութը հրապարակելու համար։
Սաակաշվիլին նշել է, որ կդադարեցնի բուժումը, քանի դեռ չի չեղարկվել այսպես կոչված կարգապահական տույժը, և չի վերսկսվել այցելուների սովորական ընդունելությունը:
Հատուկ քրեակատարողական ծառայությունն արդեն հերքել է Սաակաշվիլիի մեղադրանքները։ «Նրա հետ հանդիպումների սահմանափակման, հեռուստատեսությունից զրկելու մասին տարածված տեղեկատվությունը սուտ է և վնաս է հասցնում գերատեսչության հեղինակությանը», - ասված է ծառայության հաղորդագրության մեջ։ Քրեակատարողական ծառայությունը հորդորել է նախկին նախագահին զերծ մնալ կեղծ մեղադրանքներ տարածելուց:
50-օրյա հացադուլից հետո Սաակաշվիլին Գորիի զինվորական հոսպիտալում վերականգնողական կուրս է անցնում։ Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ բուժման գործընթացի ավարտից հետո Սաակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտ, որտեղ նրան տեղավորել էին հոկտեմբերի 1-ին ձերբակալելուց անմիջապես հետո։
Comments