top of page

Երեխան տնից տեսնում է, թե ադրբեջանցին ինչպես է քայլում իր տան բակում․ Շուռնուխի համայնքապետ



Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները զրկվել են ապրուստի հիմնական միջոցից՝ անասնապահությունից։ Նախքան 2020թ․ադրբեջանական ագրեսիան, Շուռնուխում ամեն ընտանիք միջինում 5 անասուն էր պահում, հիմա գյուղի 37 ընտանիքներից անասնապահությամբ զբաղվում են ընդամենը 2-ը։

«Մնացածները վաճառել են իրենց անասունները, քանի որ վախեցել են, որ դրանք էլ կանցնեն թուրքին ու կմնան լրիվ դատարկաձեռն։ Անասուններին արածացնելու տեղ չկա։ Մինչև պատերազմը գյուղին հարակից արոտատեղիներ ունեինք, որոնք Քաշաթաղի շրջանին էին պատկանում, բայց մարդիկ վարձակալել, օգտագործում էին։ Հիմա այդ բոլոր տարածքներն անցել են ադրբեջացիներին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։

Գյուղի արոտավայրերի ու դաշտերի մյուս մասը տներից ոչ միայն շատ հեռու են, այլև՝ բաժանվում են անտառներով։ Գյուղապետն ասում է՝ հիմա անտառի միջով այլընտրանքային ճանապարհ են կառուցում, բայց այն հեռու է 10 կմ։ Մինչեւ անասուններին հասցնեն արոտատեղի՝ անտառը կփչացնեն, նաեւ ճանապարհին կարածեն։

Նախքան Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը՝ գյուղի տարածքում գտնվող անասնագոմը վերանորոգելու մտադրություն կար։

«Առուշանյանի հետ քննարկում էինք այդ գաղափարը ու որոշել էինք, որ խելացի անասնագոմ սարքենք, որ գյուղացիները գոնե 1-2 անասուն այդտեղ պահեին, իրենց ապրուստը հոգային։ Բայց հիմա այդպես կիսատ է մնում է»-ասել է Արշակյանը։

Գյուղում հողագործությամբ զբաղվելու հնարավորություն էլ չկա։ Գյուղը կիսվելուց հետո տների հետ տնամերձ հողատարածքներն էլ են անցել ադրբեջանցիներին։ Մնացածներն էլ, ինչպես Արշակյանն է ասում, թշնամու նշանառության տակ են․ «Գիտե՞ք ինչ իրավիճակ է․ գյուղի վերևում՝ իր հողամասում գյուղացին աշխատում է, ներքևում՝ մի քանի մետրի վրա թշնամին է։ Իսկ մեր այն գյուղացիները, ում տներն անցել են ադրբեջանցիներին, այնքան ծանր վիճակում են, որ չեմ կարող ասել։ Պատկերացրեք՝ երեխան տնից, որտեղ հիմա մնում է, տեսնում է, թե ադրբեջանցին ինչպես է քայլում իր տան բակում․․․»։

Փաստացի առանց զբաղմունքի ու եկամտի աղբյուրի մնացած գյուղում ամեն օր ապրում են անորոշության մեջ ու ինչ-որ բանի սպասելիքով․ թե ինչի, իրենք էլ չգիտեն։

Գյուղապետն ասում է՝ պատերազմից հետո տարբեր մարդիկ ու կազմակերպություններ են այցելել գյուղ, որ տեսնեն՝ ինչպես կարող են լուծել բնակիչների զբաղվածության խնդիրը, բայց առայժմ ոչ մի տեղաշարժ չկա։

Նշենք, որ 2020թ․ պատերազմից հետո շուռնուխցիներին պատկանող երկու տասնյակից ավել անասուն է մնացել գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, որոնք ադրբեջանցիները հափշտակել են։ Գյուղապետի խոսքով՝ սկզբնական շրջանում անցած 19 անասունի համար ընտանիքները փոխհատուցում ստացել են։ Եվս 11 ձիու, 2 խոշոր եղջերավոր անասունի ու 2 խոզի փոխհատուցում դեռ չի տրվել։

Comments


1/466

LATEST NEWS​​

bottom of page