top of page

Բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերողներին կարող էր կաշկանդել Վանեցյանի՝ ԱՄՆ այցը. Հակոբյան



Սա հստակ քայլ է՝ ուղղված ժողովրդավարության դեմ: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին դեպի ԱՄՆ թռիչքից ընդամենը ժամեր առաջ իշխանությունը տեղեկացրել է, որ նա չի կարող հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակին:


Հակոբյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ հայկական կողմից հանդիպմանը պետք է ներկա լինի երեք հոգի, և իշխանությունը որոշել է միանձնյա ներկայանալ այդ հանդիպմանը:


«Սա անարգանք է նաև այն ընտրողների նկատմամբ, որոնք չեն ընտրել այս իշխանություններին, քանի որ բոլոր ընդդիմադիր ընտրողները, որոնք անգամ չեն ընտրել «Պատիվ ունեմ»-ին, վստահ եմ, կգերադասեին ունենալ իրենց ընդդիմադիր կեցվածքին հարիր մարդու, որը կբարձրացներ իրենց ձայնը»,- շեշտեց նա:


Սոս Հակոբյանը նկատեց՝ Արթուր Վանեցյանի այցը, բառի բուն իմաստով, աշխատանքային բնույթ էր կրելու, և նպատակ էր հետապնդելու՝ ԱՄՆ-ում Հայաստանի անվտանգային խորը խնդիրները ներկայացնելու, և քանի որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չէր կարողանալու ներկայանալ ամենակարևոր հանդիպմանը, ուղղակի չեղարկել է իր այցը:


«Մեր անվտանգային խնդիրների վերաբերյալ հարցը այս վախվորած իշխանությունը պատշաճ կերպով չի բարձրացնի»,- ասաց նա:


Բացի այդ, Սոս Հակոբյանը նկատեց, որ հնարավոր է նաև այս իշխանությունը նոր բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելու միտք ունի, և Արթուր Վանեցյանի ներկայությունը կարող է կաշկանդել նրան:


«Այս իշխանությունը որքան էլ պոպուլիստ է, բայց և հայտնի է գաղտնի, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով»,- ասաց Հակոբյանը:


Հարցին, թե իրավական առումով ի՞նչ կարող է անել ընդդիմությունը, Սոս Հակոբյանը պատասխանեց, որ քաղաքական մշակույթը իրավական առումով կարգավորելն, այս դեպքում հնարավոր չէ: Ըստ նրա՝ հնարավոր չէ օրենքի միջոցով պարտադրել իշխանությանը լինել պետականամետ:


Նարե Գևորգյան

Commentaires


1/473

LATEST NEWS​​

bottom of page