Որոնք են ԱԺ քննիչ հանձնաժողովին ընդդիմության չմասնակցելու պատճառները
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԺ քննիչ հանձնաժողովին ընդդիմության չմասնակցելու պատճառների մասին
ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը 44-օրյա պատերազմի քննության համար ստեղծված քննիչ հանձնաժողովին չմասնակցելու վերաբերյալ բազմաթիվ քննարկումների, հարցերի պատճառ է դարձել: Չմասնակցելու պատճառները քիչ չեն և բազմիցս ներկայացվել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Այնուամենայնիվ, փորձենք շեշտել դրանցից մեկը. ոչ թե հանցագործներին բռնելու գործիք, այլ՝ քաղաքական պատասխանատվության հարց:
Պնդում 1. Պառլամենտում քննվում են այն հարցերը, որոնք խնդիր են հետապնդում որոշում կայացնել քաղաքական պատասխանատվության հարթությունում: Նորից եմ շեշտում. քաղաքական հարցեր՝ քաղաքական պատասխանատվություն: ԱԺ քննիչ հանձնաժողովը չի ենթադրվում, որ պետք է ունենա ավելի հզոր մասնագիտական ներուժ քան ՊՆ, ԱԱԾ և այլ պետական կառույցները միասին վերցրած, դա ուղղակի կլիներ խելագարության կանխավարկած: ԱԺ հանձնաժողովի կողմից ոլորտի մի քանի փորձագետներ հրավիրելը նորից նպատակ ունի մասնագիտական օժանդակություն ապահովել նյութի յուրացման և վերլուծության կատարման համար, բայց կրկին՝ քաղաքական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով, այլ ոչ թե՝ դրանից մասնագիտական հարթակ կառուցելու:
Եզրահանգում
Հետևաբար, իրականում կատարողների մակարդակում ռազմագիտության և քրեական իրավունքի տիրույթներում համապատասխանաբար համակարգային խնդիրների բացահայտմամբ և մեղավորների փնտրտուքով կարող են և պետք է զբաղվեն քննչական մարմինները և ոլորտի լիազոր մարմինները (ՊՆ, ԱԱԾ և այլն):
Պնդում 2
. Քաղաքական պատասխանատվության հարցեր կարելի է քննարկել քաղաքական մեծամասնության հետ, երբ երկրիդ խորհրդարանում կա դույզն-ինչ կերպով արտահայտվող իշխանությունների բաժանման և հակակշռման նշաններ, եթե, կա գուցե մի փոքր հավանականություն, որ բացասական եզրակացության պարագայում իշխանական մեծամասնությունը կկանչի կառավարությանը և նրա ղեկավարին ու կասի՝ ձեր իրերը հավաքելու համար ձեզ քանի՞ օր է անհրաժեշտ, հատկապես, երբ աշխատանքների ամբողջ ընթացքը, ելնելով հարցի էությունից, գնալու է գաղտնի ֆորմատով և հանրությունը հնարավորություն չի ունենալու տեսնել և վերահսկել որևէ պրոցես: Իսկ ՀՀ-ում, հիշեցնեմ բոլորիս, որ հենց իշխանական պատգամավորի ծննդաբերած գաղափարի պատճառով վերջիններիս ներկայում հանրության ստվար զանգվածը ճանաչում է «ուսապարկ» խորհրդանշական մակնշմամբ:
Եզրահանգում`
Քննիչ հանձնաժողովի նպատակը տեսականորեն կարող է լինել կառավարությանը պատասխանատվության ենթարկելը կամ քաղաքական ղեկավարման օղակներում այլ խնդիրների հայտնաբերումը, որը հնարավոր չէ իրականացնել, երբ քո իշխանական պատգամավորները 3 տարվա ընթացքում գեթ մեկ բովանդակային և հաշվետվություն ակնկալող հարցադրում չեն կարողացել ձևակերպել և հնչեցնել կառավարության անդամներին և ուսապարկերից գլխավորին: Ասեմ՝ այս պարագայում իշխանությունը նույնպես հետապնդում է քաղաքական պատասխանատվության հարց, ուղղակի փոքր ինչ այլ կոնտեքստում՝ ի սկզբանե «փրկել» գործադիրի գլխից բռնվածին պատերազմով բերված աղետների համար մի օր ժողովրդի առջև կանգնելուց և պատասխանատվություն կրելուց, ինչը, մեղմ ասած, հուսահատ և անպտուղ ձեռնարկություն է:»:
Comments