Ստորագրվել է ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը
Այսօր Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։ Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ Հայաստանի և ԵՄ-ն սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կայքը:
Օգուտների շարքում են օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, նոր ուղիղ օդային կապերի հաստատումը և երկու կողմի տնտեսական օգուտները։
Մասնավորապես՝ ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։
Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ:
Համաձայնագրի միջոցով հնարավոր կլինի դյուրացնել մարդկանց միջև շփումները, կոմերցիոն հնարավորություններն ու ընդլայնել ԵՄ-Հայաստան առևտուրը: Այն նաև արժեքավոր գործիք է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար:
Comments