top of page

Սուրենավանում հաղթող թիմն ավելի մեծ հեղինակություն ունի մեր գյուղում, քան ես. Հովիկ Աղազարյան


Արարատի մարզի Սուրենավան համայնքում նախնական արդյունքներով Քաղաքացիական պայմանագիրը պարտություն է կրել:


Սուրենավանը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղն է, որտեղ պատգամավորը մասնակցել է նաև քվեարկությանը, համայնքի ընտրատարածքային հանձնաժողովն էլ ղեկավարում էր Աղազարյանի ավագ որդին:


MediaHub.am-ի հետ զրույցում Աղազարյանը, անդրադառնալով հայրենի համայնքում պարտվելու շուրջ առաջացած քննարկումներին, նշեց․ «Ի՞նչ կա այդտեղ քննարկելու, չեմ հասկանում, քննարկելու էությունն ինչո՞ւմն է կայանում, ես իմ մանդատից պիտի հրաժարվե՞մ։ Այն մարդիկ, որոնք եղել են այդ թիմում, ավելի մեծ հեղինակություն ունեն մեր գյուղում, քան ես, տարօրինակ ի՞նչ կա»։


Անդրադառնալով բոլոր համայնքներում ընտրությունների արդյունքներին՝ Աղազարյանը նշեց․ «Շատ լավ եմ վերաբերում ընտրությունների արդյունքներին։ 36 համայնքից 24-ում բացարձակ հաղթանակ ենք տանում, իսկ 12-ից մի քանիսում էլ լինելու են կոալիցիոն իրավիճակներ, բա դրանից էն կողմ էլ ինչ աշխարհ, էլ ինչ արդյունք պետք է լինի։ Իհարկե գոհ ենք»։


Հարցին՝ «Հանրապետություն«կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնո՞ւմ է, օրինակ՝ Վեդի համայնքում թեև Գարիկ Սարգսյանը չի հաղթել, բայց «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելու դեպքում կարող են միասնական թեկնածու առաջադրել՝ Աղազարյանը արձագանքեց․ «Միանշանակ, տեսնում եմ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիոն գործընթաց և,, հաշվի առնելով Վեդի համայնքում Ավշարի մեր հայտնի հայրենակիցների ազդեցության աստիճանը, ինչպես նաև լրատվամիջոցների ահասարսուռ վերաբերմունքը Գարիկ Սարգսյան անձի վերաբերյալ, գտնում եմ, որ մենք այնտեղ ցույց ենք տվել լավագույն արդյունքը և ի պատիվ Գարիկ Սարգսյանի, որ համարձակվեց թողնել փափուկ, տաք պաշտոնը Երևանում, գնաց և հանձնվեց ժողովրդի դատին, ես այդ ամեն ինչը և արդյունքները շատ բարձր եմ գնահատում։ Ամենայն հավանականությամբ, այդ կոալիցիան կստացվի և ամեն ինչ կլինի լավ»։


Նշենք, որ Սուրենավանում 442 քվեով հաղթել է «Հզոր համայնք» կուսակցությունը, որի ավագանու ցուցակում էր նաև Սուրենավանի գործող համայնքապետ Կարո Կարապետյանը, ՔՊ-ի օգտին քվեարկել է 380 ընտրող, Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցության օգտին՝ 25, «Հանուն Հանրապետության» օգտին՝ 50 ընտրող, 15 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:


Արմինե Նավոյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page