Hayeli.am-ի իմ երբեմնի գործընկերները պետք է հասկանան` իրենց սխալ լուրեր են հասել. Թագուհի Թովմասյան
«Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ hayeli.am-ը լուր է հրապարակել, թե իբրեւ ես ստիպում եմ հանձնաժողովի փորձագետներին ազատման դիմում գրել:
Իհարկե, կարելի էր որեւէ կերպ չանդրադառնալ այս տեղեկությանը, բայց քանի որ ծայրից ծայր սուտ է, որոշեցի պարզաբանել, որպեսզի hayeli.am-ի իմ երբեմնի գործընկերները հասկանան, որ իրենց սխալ լուրեր են հասել եւ առնվազն անհրաժեշտ էր ինձանից կամ հանձնաժողովից ճշտել գրվածը որքանով է համապատասխանում իրականությանը:
«ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով ըստ hayeli.am-ի, շաբաթներով ԱԺ չի մտնում և խորհրդարան է գալիս միայն նիստերի օրերին, մի աննախադեպ տեռոր է սկսել հանձնաժողովում»,- գրել է կայքը:
Այս նախադասությունը սուտ է. գոնե լրագրողների հետ հաճախակի իմ շփումներն են վկայում, որ ես խորհրդարան եմ գնում ամենօրյա ռեժիմով եւ բոլոր տեսակի հարցումներով ամենաակտիվ հանձնաժողովի նախագահն եմ: Եթե ԱԺ մյուս հանձնաժողովները նիստեր չեն անում կամ մեկ երկու աշխատանքային քննարկում են արել ձեւավորման օրվանից, ես կազմակերպել եմ մոտ երեք տասնյակ քննարկումներ եւ շարունակելու եմ:
<Թովմասյանը պարտադրում է հանձնաժողովի երկարամյա փորձագետներին սեփական կամքով դիմում գրել և հեռանալ, որպես արգումենտ բերելով, որ ինքը մեղավոր չէ և դա «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պահանջն է, որպեսզի կարողանա իր մարդկանց տեղավորել աշխատանքի>,- գրել է կայքը:
Այս նախադասությունը եւս սուտ է, քանի որ նախ հանձնաժողովի փորձագետները պետք է քաղաքական չեզոքություն ունենան, բացի այդ, չկա մի փորձագետ, որն այսօր աշխատում է եւ նրան որեւէ բան է պարտադրվել: Ես հանձնաժղովի նախագահի պարտականությունները ստանձնել եմ նախորդ տարվա օգոստոս ամսվա վերջինց եւ մինչ օրս որեւէ երկարամյա փարձագետ աշխատանքից չի ազատվել: Միայն մի հոգի է դիմում գրել եւ հեռացել, որին ես եմ ընդունել աշխատանքի սեպտեմբերից, եւ որը աշխատանքից ազատվել է փետրվարին` իր դիմումի համաձայն` բնակության վայրի փոփոխվելու պատճառով: Ի դեպ, դժկամորեն եմ ստորագրել ազատման դիմումը:
<Քանի որ փորձագետները պետական ծառայող են և Թովմասյանն իր կամքով նրանց հեռացնել չի կարող, ուստի նա ընտրել է այլ ճանապարհ: Վանեցյանի անունից ստիպում է հանձնաժողովի փորձագետներին սեփական կամքով դիմում գրել և հեռանալ>,- այս պարբերությունն էլ սխալ է:
Հանձնաժողովի նախագահը ցանկության դեպքում կարող է ցանկացած պահի անբարեխիղճ աշխատակիցներից ազատվել եւ դա կանի` ըստ անհրաժեշտության:
Հրապարակման մեջ տեղ գտած վիրավորական բնույթի ձեւակերպումները անպատասխան եմ թողնում:
Հերքման պաշտոնական տեքստը երկուշաբթի օրը կուղարկվի խմբագրություն` ակնկալելով, որ այն կհրապարակեն մեր գործընկերները»:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան
Comments