Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ գրանցված թեկնածուներից մեկը շրջում էր ընտրատեղամասում։ Այդ մասին տեղեկացնում է Hetq.am-ը։
Թալին քաղաքում գտնվող 18/2 ընտրական տեղամաս ժամը 10:50-ի սահմաններում մուտք գործեց ավագանու ընտրություններին մասնակցող «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համար, անկուսակցական Տիգրան Հարությունյանը։ Նա ողջունեց հանձնաժողովի անդամներին, ապա շրջեց ընդարձակ տեղամասում։ Տիգրան Հարությունյանը մի պահ զրույցի բռնվեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանի հետ։ Երբ լուսանկարեցինք ավագանու թեկնածուին և հանձնաժողովի նախագահին, Տիգրան Հարությունյանը գրպանից հանեց ավագանու թեկնածուի վկայականը և փորձեց այն ամրացնել հագուստին։ Շատ չանցած՝ նա լքեց տեղամասը։
«Հետք»-ի հետ զրույցում 18/2 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանն ասել է, որ թեկնածուին զգուշացրել է, որ պետք է դուրս գա տեղամասից։ Ըստ Խլոյանի՝ թեկնածուն ավելի վաղ ընտրել էր 18/2 տեղամասում, իսկ թե ինչու էր նորից եկել՝ չգիտի։ Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ավագանու թեկնածուներն իրավունք չունեն գտնվելու տեղամասում, ապա հավելեց, որ ոչ բոլոր թեկնածուներին են դեմքով ճանաչում։
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում 4 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։
Comments