top of page

Կոկորդիլոսը սոված է, մարդ է ուզում ուտի. Ուրցաձորի նախկին համայնքապետը՝ Գարիկ Սարգսյանի մասին



Իմ նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվել՝ Գարիկ Սարգսյանի ցուցումով, կոկորդիլոսը երևի սոված է եղել, մարդ է ուզում ուտի : «Փաստինֆո»-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ռ. Անդրեասյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ստացել է քվեների 44.08 տոկոսը, ՔՊ-ն՝ 39.12 տոկոսը, «Հանրապետություն»-ը՝ 16.78 տոկոսը։ Քվեարկության արդյունքների հետ չհամաձայնելով ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը վայր են դրել մանդատները ու նշանակվել է նոր ընտրություն, որը տեղի է ունենալու 2022 թվականի մարտի 27-ին։

Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը Գարիկ Սարգսյանին, որը գլխավորել էր ՔՊ-ի ցուցակը ու պարտվել Ռաֆիկ Անդրեասյանին, նշանակել է Վեդիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչից հետո վերջինս սկսել է ազատվել ընդդիմադիր մի շարք համայնքապետերից, որոնք դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում իրեն պարտության էին մատնել:

Գարիկ Սարգսյանի համար անցանկալի համայնքապետերի թվում էր նաև Ուրցաձորի արդեն նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, որը Գարիկ Սարգսյանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից, այնուհետև հայտնվել իրավապահների թիրախում: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «ինքնիրավչություն իրականացնելու» հոդվածով՝ իբր համայնքապետի պաշտոնից ազատվելուց հետո չէր հանձնել համայնքապետարանի կնիքը և աշխատասենյակների բանալիները։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ռաֆիկ Անդրեասյանը հաստատեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ավելին` նա պնդեց, որ իր մոտ բանալի և կնիք չի էլ եղել. «Ոչ թե չեմ հանձնել, այլ ոչ ոք ինձնից չի էլ պահանջել, ի՞նչ անեի, գցեի փողոց, թե՞ փողոցով անցնող ինչ-որ մեկին տայի, ինձ մոտ բանալի չի էլ եղել, ոչ էլ կաբինետը ես եմ բացել, կնիք էլ չի եղել ինձ մոտ, իրենք պետք է հասկանան, որ կնիքը քարտուղարի մոտ է լինում, բայց դա էլ չեն հասկանում»,-ասաց Անդրեասյանը:

Ռաֆիկ Անդրեասյանի խոսքով՝ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի ուղղորդմամբ ընդդիմադիր համայնքապետերի և համայնքային ծառայողների նկատմամբ հետապնդումներ են իրականացվում.

«Բարոյահոգեբանական շատ վատ մթնոլորտը գալիս է մեկ անձից, համայնքային նորմալ ծառայողները, որոնք լավ մասնագետներ են, երկար տարիների փորձ ունեն, ազատման դիմում են գրել և դուրս եկել, ամբողջը քաոսի է վերածել: Իրենց սովորության համաձայն՝ պետք է մասնագետ չլինի, պետք է լինի ինչ-որ մեկի բարեկամը կամ ծանոթը, այս սկզբունքով են աշխատում»,-ասաց Ռաֆիկ Անդրեասյանը:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը Ռաֆիկ Անդրեասյանին աշխատանքից ազատելուց հետո նրա փոխարեն նշանակեց Նուշիկ Մարտիրոսյանին, որը հայտնի է իր իշխանամետ հայացքներով:

Խոսելով Ուրցաձորի գործող համայնքապետի մասին, Ռաֆիկ Անդրեասյանը նկատեց.

«Նա ա-ն ու բ-ն չի տարբերում, մանկապարտեզի նախկին վարիչ է, մի սովորական տեղեկանք չի կարող տալ։ Ամբողջ համայնքը լուսավորված էր, բայց գիշերը համայնքի կեսը լուսավորություն չունի կրկին, գնում ենք դեպի 90-ական թվականներ՝ լևոնիզմ»։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Անդրեասյանի որդու նկատմամբ ևս քրեական հետապնդում էր սկսվել՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու մեղադրանքով: Ուրցաձորի նախկին համայնքապետի որդին կալանավորվել էր:

Մեզ հետ զրույցում Ռաֆիկ Անդրեասյանը հայտնեց, որ որդու նկատմամբ հարուցված քրգործը չի կարճվել։ «Անիմաստ տեղը բանտարկել են վթարի համար, էլի իրենց սարքածն է:

Բարոյականությունից այնքան զուրկ են, որ ընտանիք են մտել, սա է ամբողջ զավեշտը: Ես միշտ էլ ընդդիմադիր եմ եղել, բայց այսպիսի բան ոչ մի կառավարության ժամանակ չեմ տեսել »,-ասաց նա:

Ռաֆիկ Անդրեասյանը «Փաստինֆո»-ին նաև հայտնեց, որ իր թեկնածությունն առաջադրելու է մարտի 27-ին կայանալիք Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին, զրուցակիցը վստահ է՝ հաղթելու են։

«Մենք հաստատ հաղթելու ենք, որովհետև գնում ենք աշխատելու, իրենց պես չի, որ երբ ուզեն թքեն ժողովրդի քվեի վրա, հրաժարական տան, երբ ուզեն մասնակցելու: Մենք գնում ենք կառուցելու, աշխատելու, իսկ իրենք միայն մեկ նպատակն ունեն՝ աթոռ:

Եթե ուրիշ խելքը գլխին մարդ լիներ իրենց կողմից առաջադրված, կարող է և չառաջադրվեի, բայց որ գիտեմ, գալիս են ավիրելու, կոկորդիլոս պահելու Արարատի մարզում, ավելի լավ է առաջադրվեմ, ես էլ շատ լավ գիտակցում եմ, որ Արարատի մարզը միրգ ու բանջարի շտեմարան է, դա պետք է զարգացվի, իսկ իրենք չգիտեն՝ հեկտարն ի՞նչ է, կոկորդիլոսը թռնո՞ւմ է, թե՞ չի թռնում, ոնց զիջես նրանց համայնքի ղեկավարի պաշտոնը, մի խոսք կա՝ երբ արծիվները ռում են, մոծակները սկսում են աղմկել, այդ թութակներին պետք է լռեցնել, որ ամեն ինչ թութակի պես չկրկնեն »,-ասաց Ռաֆիկ Անդրեասյանը:


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page