top of page

Ուրցաձորի ղեկավար է նշանակվել մանկապարտեզի նախկին տնօրենը, բայց նման հաստիք չկա․ Ռաֆիկ Անդրեասյան



Վեդի համայնքի Ուրցաձոր վարչական շրջանի համայնքապետարանի 15 աշխատակից ազատման դիմում է գրել։ MediaHub.am-ի հետ զրույցում Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հայտնեց, որ չնայած իր հորդորներին, բոլորը դիմում են գրել․ «Առաջին անգամ էր, որ ես աշխատողներին ինչ որ բան էի ասում ու չէին անում։ Ասել եմ` գնացեք հետ վերցրեք դիմումները, ասել են չէ՝ որտեղ դու, էնտեղ էլ մենք»։ Նրա խոսքով` մինչև այս պահը համայնքապետարանում հանձնում-ընդունում տեղի չի ունեցել․ «Վարչական ղեկավար է նշանակվել մանկապարտեզի տնօրենը, բայց այդ հաստիքը գոյություն չունի, թե ոնց են նշանակել նրան, այ դա է հարցը։ Ուրցաձորը դարձել է Վեդիի վարչական շրջաններից մեկը, բայց ո՞վ է հաստատել այդ հաստիքը։ Նման հաստիք միայն իրավասու է հաստատել ավագանին, բայց ավագանի չկա, որ հաստատի, նույնը մյուս վարչական շրջանների դեպքում։ Ախր մի օրենք չէ, ՏԻՄ-ի հետ կապված բոլոր օրենքները խախտված են։ Նայեք ազատման հրամանները, հղումները կան, համեմատեք օրենքի պահանջի հետ, բացարձակ իրար հետ կապ չունեն։ Ինձ ոչ մեկ չի դիմել, ոչ մի բան չի ասել հանձնման ընդունման հետ կապված։ Ինձ բացարձակ ոչ մի լիազոր անձ չի եկել ասի՝ ընկեր Անդրեասյան, այսինչ բանը չկա։ Վարչական ղեկավար նշանակված մարդը ինքնիրավչությամբ է զբաղվում։ Ես այս ընթացքում ոչ մի բան չեմ արել, բայց թղթերը տարել են բաժին, որ իբր ինքնիրավչությամբ եմ զբաղվում, գործ են հարուցել, բայց թե ինքնիրավչությունը ո՞րն էր, ես չհասկացա»։ Անդրեասյանը նշեց, որ մարտի 27-ի Վեդիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին միանշանակ մասնակցելու են․ ««Իմ հզոր համայնքը» միանշանակ մասնակցելու է, մասնակցելու ենք մեր թիմով, մենք չենք պայքարում աթոռի համար՝ ինչպես իրենք, մենք պայքարելու ենք գալու, շենացնելու, հզորացնելու համար։ Մենք մեծ աշխատանքներ ենք կատարել և այդ աշխատանքների փորձը պետք է փոխանցենք մյուս համայնքներին, որոնք դեռևս կանոնակարգված չեն։ Մենք միշտ էլ հաղթելու հույսով ենք գնում, եթե զգանք, որ պարտվելու ենք, երբեք չենք մասնակցի։ Մենք պարզ ճանապարհով ենք գնում»։ Արմինե Նավոյան


Comentarios


1/473

LATEST NEWS​​

bottom of page