Վանաձորում իսկական քաոս է. մարդիկ բնակարաններ են կորցնում
Վանաձորում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քաղաքը 2021 թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո մինչ օրս փաստացի մնացել է առանց ղեկավարի, ավագանու աշխատանքները ևս պարալիզացված են:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հայտնեց, որ Վանաձորն այս պահի դրությամբ քաղաքապետ չունի, փոխարինող էլ չկա, անգամ չկա լիազոր անձ, որն իրավասու է կնիք դնել կամ ստորագրություն տալ:
Ստեղծված քաոսային իրավիճակի հետևանքով վանաձորցները շատ ու շատ խնդիրների են բախվում՝ ընդհուպ մինչև բնակարանի կորուստ.
«Բնակիչներից մեկի տունը գրավի տակ էր, չէր կարողանում վճարել վարկը, որոշել էր բնակարանը վաճառել, գումարով վճարել վարկը, մյուս մասն էլ գոնե մնար իրեն:
Հասցեի նույնականացման խնդիր կար, քաղաքապետարանը պետք է բնակարանի հասցեն հաստատող տեղեկանք տար, որպեսզի նոտարը գործարք աներ, բայց չկար իրավասու մարդ,որը կարողանար կնիք դներ, տեղեկանք տար ու այս մարդը տունը կորցրեց, նման օրինակները շատ-շատ են»,-պատմեց Վահե Դոխոյանը և ընդգծեց՝ շատ դժվար է լինելու այս ընթացքում առաջացած խնդիրները շտկել:
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։
Վահե Դոխոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով հերթական դատական նիստը կայացել է ուրբաթ օրը, սակայն վճիռը դեռևս չի հրապարակվել.
«Մոտ օրերս վճիռը կլինի: Սպասում ենք վճռին, որպեսզի որոշենք՝ ինչ քայլերի են դիմելու: Եթե իրավական առումով կանգնեցնեն մեզ փակուղու առջև, կդիմենք այլ քայլերի , բայց կարծում եմ, իրավական փակուղու առջև կանգնելու են իրենք, որովհետև սովոր են օրենքը սեփական մեկնաբանությամբ օգտագործել, իսկ եթե կշարունակեն օրենքներ հորինել, այլ քայլերի կդիմենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններն՝2-ական մանդատ։
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի գլխավորած դաշինքը դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին ամենամեծ թվով քվեն է ստացել, կալանավորվել էր դեկտեմբերի 16-ին:
Comments