top of page

Վանաձորը բարձիթողի վիճակում է, քաղաքային կառավարումը պարալիզացվել է. Դոխոյան


Վանաձորում կոլապսային իրավիճակ է, ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ի օգնությամբ, փորձում է Վանաձորում իշխանություն զավթել:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հայտնել է, որ Վանաձորում ավագանու աշխատանքները պարալիզացված են, որևէ գործարք հնարավոր չէ կատարել, չկա անգամ համայնքապետի պարտականությունները կատարող անձ.

«Վանաձորում այն կարգի խառնաշփոթ իրավիճակ է, որ ո՛չ մենք ենք գլուխ հանում, ո՛չ էլ իրավաբանները: Ավագանին չի կարողանում աշխատանքները շարունակել, օրական հարյուրավոր քաղաքացիներ են գալիս քաղաքապետարան, բայց չեն կարողանում իրենց խնդիրները լուծել, որևէ պաշտոնատար անձ չկա, որը կկարողանա հասարակ տեղեկանք տրամադրել: Կոլապսային վիճակ է, ավագանու աշխատանքը պարալիզացված է: Չկա մի հիմնարկ, որին մարդիկ կարողանան դիմել, որը խնդիր կլուծի»,-ասել է Դոխոյանը և ընդգծել, որ եթե նույնիսկ այս խնդիրն օրեր հետո լուծվի, մի քանի օրվա բացը լրացնելու համար երկար ժամանակ է պահանջվելու:

Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններն՝2-ական մանդատ։

«Լուսավոր Հայաստան»-ը, որը ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։

Ու հիմա, թեեւ դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։

Մեզ հետ զրույցում Վահե Դոխոսյանն ասաց, որ երեկ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով դատական նիստ պետք է լիներ , սակայն նիստը չի կայացել, այն պատճառաբանությամբ, որ կողմերից մեկը՝ ՀԱՍԿ կուսակցության ներկայացուցիչը ծանուցված չի եղել նիստի մասին:Վահե Դոխոյանի խոսքով՝ դատական նիստ գումարելու կարիք էլ չկար, դատարանն ընդամենը կարող էր որոշում կայացնել և արգելանքը հաներ:

Զրուցակցի համոզմամբ՝ՔՊ-ն փորձում է ձգձգել այս իրավիճակը, որպեսզի կարողանա իր համար ցանկալի լուծման հասնել.

«ՔՊ-ն ցանկանում է Վանաձորում իշխանությունը զավթել, գողանալ, բայց չի հաջողվելու»,-ասաց Դոխոյանը՝ նշելով, որ ՔՊ-ն այս ամենն անում է «Լուսավոր Հայաստան »- ի միջոցով.

«ԼՀԿ-ն պատճառաբանում է, թե ուրիշ ենթատեքստեր չկան, բայց ես ասել եմ՝ ԼՀԿ-ի գործողությունները ցույց են տալիս այլ բան, հայտարարություններն ասում են լրիվ այլ բան: Մենք շատ ենք տեսել, որ ԼՀԿ-ն իր գործունեությամբ ծառայում է իշխանություններին, կամ էլ իշխանությունների հասցեին փոքրիկ քննադատություններ է անում՝ դիվեդենտներ շահելու համար:Այնպես որ, սա իր ոճին համահունչ է , մեզ համար զարմանալի էլ չէ, առաջին անգամը չէ, որ ԼՀԿ-ի պատճառով Վանաձորը տուժում է»,-ասաց Վահե Դոխոյանը:

Վերջինս նաև հայտարարեց, որ իրենք պատրաստ են ռադիկալ քայլերի.

«Փորձում ենք հասկանալ՝ մինչև ո՞ւր են գնալու, որ մենք էլ համապատասխան քայլեր անենք: Մենք պատրաստ ենք ռադիկալ քայլերի, նայած՝ այս իշխանություններն ինչքան կփորձեն շահագործել մեր և վանաձորցիների համբերությունը»,-ասաց Վահե Դոխոյանը:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին դեկտեմբերի 16-ին կալանավորել էր:

Վահե Դոխոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչ օրս Վանաձորը համայնքապետին փոխարինող չունի , նրա պարտականությունները կատարող էլ չկա։

«Վանաձորը բարձիթողի վիճակում է: Մենք ասել ենք, խնդիրը Մամիկոն Ասլանյանը չի, նստացրել եք, անօրինական փակել եք, բայց եթե խնդիր չունեք, նիստ արեք, կարող է ուրիշ մարդ է ընտրվի: Կարելի՞ է վանաձորցիներին այս օրին հասցնել, վանաձորցիները հարկ են վճարում, որպեսզի այս իշխանություններն ամեն ամիս պարգևավճարներ ստանան, բայց վանաձորցիների օրինական պահանջները չեն լուծվում, այսպես չի կարելի, վաղուց արդեն կարմիր գծերը հատել են »,-ասաց Վահե Դոխոյանը և տեղեկացրեց, որ վաղը՝ հունվարի 19-ին դատական նիստ է լինելու՝ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու հարցով:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page