Վարդենիսի ավագանու նիստին ՔՊ-ականները չեն ներկայացել. քվորում կա
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ փետրվարի 8-ին նիստ է հրավիրել, սակայն ՔՊ խմբակցության անդամները չեն ներկայացել: 27-հոգանոց ավագանու նիստին ներկա էին միայն «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական վարդենիս» խմբակցությունները, որոնք թվով 14 հոգի են, այսինքն քվորում ապահովվել է:
Նրանք որոշեցին սպասել կես ժամ: Ահարոն Խաչատրյանը մի քանի հարցի պատասխանեց՝ տեղում նստած: Կես ժամ սպասելուց հետո ավագանու նիստի շարունակվեց առանք ՔՊ-ականների: Օրակարգում մեկ հարց կա՝ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորմանև գործունեության կարգի սահմանումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները: Դատարանը մասնակի բավարարել էր հայցը եւ չեղյալ հայտարարել համայնքապետի ընտրության արդյունքները: Սա նշանակում է, որ ավագանին նորից պետք է համայնքապետ ընտրի:
Comments