Վերելակային բանակցությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում․ Արթուր Վանեցյան
Գրիգորի Հայրապետովի մահը շատ ցավալի էր ինձ համար, նա իմ ընկերն էր։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայտապետովի մահվանն ու նրա՝ Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպման միակ վկա լինելու հանգամանքին։
Նրա խոսքով՝ եթե Հայրապետովն ունենար տեղեկություններ, որոնց հրապարակմամբ կարողանար օգուտ տալ ՀՀ-ին, դրա մասին բարձրաձայնած կլիներ։ «Վերելակային բանակցությունը մի քանի վայրկյանի հարց էր։ Այդ հանդիպումը պետք է նայել գործընթացների մեջ։ Երբ, օրինակ, Փաշինյանն ասում է, թե Ալիևը կառուցողական է, երբ այս իշխանությունն առիթը բաց չի թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու համար»,- ասաց նա։
Բացի այդ, Արթուր Վանեցյանն անդրադարձավ նոյեմբերի իննից հետո ՀՀ սահմանին տեղի ունեցողին։
«Այս իշխանությունը որևէ կերպ չի դատապարտում Ադրբեջանի քայլերը։ Այս համատեքստում պետք է դիտարկվեն վերելակային բանակցությունները»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Հայրապետովի մահը շատերը համարում են ոչ պատահական, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ ասելով, որ այդ մասին չի ցանկանում խոսել, քանի որ իր համար ողբերգական է այդ ամենը, Հայրապետովն իր ընկերն էր։
Comments