Ոստիկանությունը դեռ չի գտել աշխատասենյակի բանալին ու կնիքը․ Վարդենիսում լարված է
Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե որտեղ է անհետացել Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին ու կնիքը, ուստի հնարավոր չի դեռ կազմակերպել համայնքապետարանի աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՏԻՄ ընտրությունների արդյունքում կոալիցիա կազմած ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնահազարյանը:
«Ի վերջո, ըստ օրենքի այդ կնիքը վավերական էլ չէ: Խոշորացված համայնքը ստեղծվելուց հետո պետք է, որ համայնքը որպես առանձին միավոր, որպես խոշորացված միավոր նոր կնիք ունենա, բնականաբար, վարչական շրջաններ էլ պետք է ձեւավորվեն, յուրաքանչյուրն իրենց կնիքներով: Այս պահի դրությամբ այդ ընթացքը կասեցված է, այդ ուղղությամբ որեւէ աշխատանքներ չեն կատարվում փաստորեն: Խոշորացված համայնքը դեռեւս բյուջե չունի կազմավորված, բազմաթիվ գործառույթներ, որոնք կախված են համայնքի կենսական անհարժեշտությունները ապահովելու համար եւ այս բոլոր գործառույթները կասեցված են»,- ասաց նա:
Ավագանու անդամը եզրափակելով խոսքն ասաց, որ այս պահին, ըստ էության պարալիզացված են համայնքապետարանի աշխատանքները. «Հաշվի առնելով սահմանային սրացումները եւ այն հանգամանքը, որ Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, այս առումով հրատապ է, որ համայնքապետարանը կարողանա որքան հնարավոր է շուտ լիարժեք աշխատել»:
Ավագանու անդամի խոսքով` համայնքապետարանի աշխատանքները կսկսվեն այն ժամանակ երբ կլինի նոր կնիք եւ աշխատասենյակի բանալին:
Comments