Վստահեցնում եմ՝ Պապիկյանը մեր պատմության լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու․Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը ճիշտ և ողջունելի որոշում է համարում: Այդ մասին Ալեն Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 15-ին որոշմանը, ըստ որի` Արշակ Կարապետյանն ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվել Սուրեն Պապիկյանը:
«Նախարարի հրաժարականի հետ կապված` եղել է վարչապետի որոշումը: Դրա մասին վարչապետը հայտնել է, իսկ Սուրեն Պապիկյանի նշանակումը համարում եմ շատ ճիշտ և ողջունելի: Նման աշխատասեր և ամբողջ իրավիճակին տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը, կարծում եմ, շատ կարևոր և ճիշտ քայլ էր»,- ընդգծեց Սիմոնյանը:
Հարցին` արդյոք Սուրեն Պապիկյանը տիրապետում է պաշտպանության ոլորտին, ԱԺ նախագահը պատասխանեց, որ պետք է տարբերել կոնկրետ մասնագիտական գիտելիքները, որոնք Գլխավոր շտաբի պետի գործառույթն է և քաղաքական պաշտոնը, որն իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Սուրեն Պապիկյանը մեր լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու մեր պատմության մեջ»,- հավելեց Սիմոնյանը:
Comments