top of page

Ղազախստան զորք ուղարկելը Նիկոլ Փաշինյանի կյանքի սկզբունքների ուղղակի ոտնահարում է․ Թագուհի Թովմասյան


«Անթույլատրելի է, երբ Հայաստանի մասնակցությամբ որևէ ձևաչափով որևէ երկրի ներքին գործերին են խառնվում, քանի որ դա ակնհայտորեն Ղազախստանի ներքին գործն է և Ղազախստանի քաղաքացին իր դժգոհությունն է արտահայտում և մենք չէ, որ պետք է զսպենք քաղաքացիների դժգոհությունը»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


Պատգամավորի խոսքով՝ սա պետք է սկզբունքային լիներ Նիկոլ Փաշինյանի համար, ով փողոցում քաղաքացիների աջակցությամբ իշխանություն ձեռք բերեց և հիմա այլ երկրներում ճնշում է այլ քաղաքացիների ազատության բոլոր ձգտումները։


«Խնդիրն այն է, որ մենք պատերազմից հետո պարբերաբար դժգոհում ենք և բարձրաձայնում ենք այն իրականությունը, որում ապրում ենք և որը առկա է Հայաստանի սահմաններին, իսկ մենք ակնհայտորեն նկատում ենք, որ հայկական զինուժը չի կարողանում մինչ օրս մեջքը ուղղել և չի կարողանում մինչև հիմա հավուր պատշաճի պաշտպանություն իրականացնել, որի արդյունքը եղել է բազմաթիվ ներխուժումների փորձեր և գերեվարումներ հենց Հայաստանի սահմանից և Հայաստանի տարածքից։ Հետևաբար, մենք պետք է արձանագրենք, որ, ունենալով այսքան թույլ պաշտպանունակության մակարդակ, մեր զինվորներին որևէ կերպ ներգրավվել, որևէ երկիր տեղափոխել, առավել ևս՝ նրանց ներքին գործերին խառնվելն առնվազն կառավարական անմտություն է»։


Թովմասյանի խոսքով ինքն ակնկալում էր, որ Նիկոլ Փաշինյանը գոնե կհավաքեր կառավարության ներկայացուցիչներին, առնվազն այն մարդկանց, ովքեր պետք է տեղյակ լինեին և պետք է կարծիք արտահայտեին նման գործընթացից առաջ, բայց նման հավաք կազմակերպելու մասին որևէ տեղեկություն չկա։ «Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրների ղեկավարներ ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ, որևէ գործողություն այդ շրջանակներում իրականացնելուց առաջ իրենց ներսում քննարկում են և նոր միայն որոշում կայացնում՝ ըստ հիմնավորումների։ Ստացվում է՝ մեզ մոտ հիմնավորումները զրոյական նշանակություն ունեն, կարևորը կա մեկ մարդու ցանկություն և մեկ մարդու իշխանությունը պահելու ցանկություն և այդ ցանկությունը դրսևորվել է ՀԱՊԿ կազմով զորք ուղարկելու այդ երկիր։ Հիմա հնարավոր է առաջիկայում ուրիշ երկրներում էլ նման խնդիր առաջանա և ի՞նչ, մենք պետք է բոլոր երկրների քաղաքացիների դժգոհության ձայնին ի պատասխան՝ ուղարկենք զինվորներ, որ զսպե՞ն, դա՞ է Հայաստանի առաքելությունը։ Կարծում եմ, մեծագույն սխալ էր և չասեմ, որ Նիկոլ Փաշինյանի կյանքի սկզբունքների ուղղակի ոտնահարում էր, քանի որ նա ամբողջ կյանքում խոսել է քաղաքացու իրավունքներից, բայց հիմա քաղաքացու դեմ է աշխատում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ են ստիպում, որովհետև եթե նա ստիպված է ինչ որ բան անել, կա մեկ ճանապարհ՝ ստիպված լինելու դեպքում վերցնում են A4 ֆորմատի թուղթ և գրում հրաժարականի տեքստ»։


Արմինե Նավոյան


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page