Ավտոբուսների առանձնացված գծերը երթևեկելի կդառնան նաև ինքնագլորների և հեծանիվների համար
Երևանում ավտոբուսների առանձնացված գծերը երթևեկելի կդառնան նաև ինքնագլորների ու հեծանիվների համար։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատրաստվում քաղաքապետարանը անել, որպեսզի մոպեդներն ու ինքնագլորները ճանապարհային պատահարների պատճառ չդառնան։
Անդրադառնալով մոպեդներին`քաղաքապետը հորդորեց ավտովարորդներին մի փոքր ավելի զգուշավոր և հանդուրժող լինել նրանց նկատմամբ։ Ըստ նրա`մոտոցիկլավարների, մոպեդավարների կողմից էլ բարձրաձայնվում է, որ Երևանում ավտովարորդներն իրենց առհասարակ չեն զիջում։
«Բայց վստահ չեմ, որ հարցն այնքան ծայրահեղ է դրված, որ մոպեդների համար պետք է սահմանափակումներ անենք։ Հակառակը, կարծում եմ, իրենք են հիմնականում վտանգված և ավտոմեքենաների հետ բախման հիմնական տուժողն իրենք են»,– ասաց նա։
Տիգրան Ավինյանն ասաց, որ պատրաստվում են ուսումնասիրել զարգացած քաղաքների փորձը։
Comentários